Բարձրագույն խմբերի առաջնությունների մակարդակով մինչ Իտալիո ու Անգլիո կողմերում առաջատար եռյակները հանգստյան օրերի բերկրանքի մեջ էին, եվրոպական ֆուտբոլի մյուս երեք գրանդ տերությունների առաջատարներն ինչպես առաջնության (Գերմանիա), այնպես էլ գավաթային հանդիպումների մակարդակով (Իսպանիա, Ֆրանսիա) զբաղված էին հարաբերություններ պարզելով:
ԳԵՐՄԱՆԻԱ
Բունդեսլիգայի առաջատարի հանդիպումների մասին խոսելիս երևի ավելի ճիշտ կլինի գործածել «սովորականի պես» արտահայտությունը: Այս անգամ մյունխենցիների հերթական զոհը «Ֆրայբուրգն» էր՝ երկու անպատասխան գնդակի պարտությամբ: «Բավարիայի» անվան դիմաց գրանցված է 42 միավոր ու, եթե անկեղծ, չեմպիոնության համար ինտրիգն ավարտված է, եթե, իհարկե, անհավանական զարգացումներ չլինեն:
Դորտմունդի «Բորուսիայի» հետ արտագնա հանդիպումում անգամ միավոր չվաստակելը չէր կարող սասանել 30 միավոր ունեցող «Վոլֆսբուրգի» դիրքերը երկրորդ հորիզոնականում: Խաղը շատ սուր, դրամատիկ զարգացումներով ստացվեց, դարպաս գրավելու բազմաթիվ հնարավորություններով, որոնցից կողմերն օգտվեցին երկուական անգամ: Ընդ որում, դորտմունդցիները երկու անգամ էլ առաջ էին հաշվի մեջ:
Չի կարելի ասել, թե մեծ հետաքրքրությամբ էր սպասվում Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-«Վերդեր» հանդիպումը, բայց այնպես էլ չէ, որ հաղթանակը (2:0) տանտերերին պետք չէր: Ձեռք գցած երեք միավորը նրանց օգնեց 27 միավորով բարձրանալու երրորդ հորիզոնական: Նույնքան միավոր ունի նաև նվազագույն հաշվով «Հոֆենհայմի» նկատմամբ առավելության հասած Լևերկուզենի «Բայերը»:
ԻՍՊԱՆԻԱ
Այստեղ գավաթային խաղերի օրեր էին: Իսպանական գրանդներից «Բարսելոնը» Սեգունդա Բ-ում հանդես եկող «ՈՒեսկայի» նկատմամբ հաղթանակ տարավ նաև երկրորդ խաղում՝ նախորդի չորսի փոխարեն այս անգամ դառնալով ութ գոլի հեղինակ: Գոլերի ընդհանուր հարաբերությունը 12:1 է:
Ինչ վերաբերում է ակումբային մակարդակով այս օրերին աշխարհի առաջնությանը մասնակցող արքայականին, «Ռեալը», կիսաեզրափակչում 4:0 հաշվով հաղթելով մեքսիկական «Կրուզ Ազուլին», դուրս է եկել եզրափակիչ, որտեղ նրան սպասում է հանդիպում «Սան Լորենցոյի» հետ, որը կիսաեզրափակչում, ավելացված ժամանակում, հաղթել է «Օքլենդ Սիթիին» (խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով, ավելացվածում Մատոսի գոլը եղել է վճռական՝ 2:1):
Տեղեկացնենք, որ եզրափակիչը կայանալու է դեկտեմբերի 20-ին, ու գրեթե անսխալ կարելի է ասել, որ հաղթող կողմը «Ռեալն» է լինելու:
ՖՐԱՆՍԻԱ
Անցնող օրերն այստեղ նույնպես գավաթային էին: Դիվիզիոնի առաջատարներից հանդիպումներ ունեին «Պարի Սեն Ժերմենն» ու «Լիոնը»: Արտագնա խաղում փարիզցիները հյուրընկալվելիս 3:1 հաշվով առավելության հասան «Այաչոյի» նկատմամբ, իսկ երկրորդը սեփական հարկի տակ հիմնական ժամանակը գոլազուրկ ոչ-ոքիով ավարտելով «Մոնակոյի» հետ, ավելացվածում գնդակ փոխանակեց մրցակցի հետ, ու բանը հասցրեց տասնմեկմետրանոցների: Առավել հաջողակ եղան հյուրերը՝ 5:4, ովքեր էլ պայքարը կշարունակեն մեկ քառորդում:
Ինչ վերաբերում է դիվիզիոնին, հիշեցնենք, որ տասնութերորդ տուրում «Գենգամից» կրած «Պարի Սեն Ժերմենի» պարտությունը «Մարսելի» համար հնարավորություն էր ստեղծել «Մոնակոյին» հաղթելու դեպքում երկրի չեմպիոնից առաջ պոկվելու ամբողջ չորս միավորով: Սակայն, ինչպես ցույց տվեց հանդիպումը, հոգեբանական գործոնն ավելի ազդու եղավ: «Մարսելը» ոչ միայն չկարողացավ հաղթել, այլև պարտվեց 0։2 հաշվով, ինչի արդյունքում առաջատար եռյակը մնաց նույն դասավորությամբ՝ «Մարսել»՝ 38, «Պարի Սեն Ժերմեն»՝ 37, «Լիոն»՝ 33 միավոր:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ